Բաքուն կրկին արձագանքել է՝ այս անգամ Կանադայի ԱԳՆ հայտարարությանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիի հայտարարությունը, որն իբր ուղղված է «Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ Այս մասին մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։


«Մենք խստորեն դատապարտում և ամբողջությամբ մերժում ենք Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլիի սեպտեմբերի 22-ին արված հայտարարությունը»,- ասվում է մեկնաբանության մեջ և ավելացվում, որ «Կանադայի ԱԳ նախարարը զբաղվում է մանիպուլյացիաներով և փաստերի խեղաթյուրմամբ»։


Ըստ այդ մեկնաբանության՝ «Կանադան բարոյական իրավունք չունի քարոզելու այն մասին, թե ինչպես պետք է վերականգնվի խաղաղությունն ու անվտանգությունը մեր տարածաշրջանում»։


«Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ նման սադրիչ և կանխակալ հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան խոչընդոտ տարածաշրջանի ապագա զարգացման և առաջընթացի համար՝ հիմնված միջազգային իրավունքի սկզբունքների հարգանքի վրա»,- ասվում է մեկնաբանության մեջ։