Իրանի Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) (Իրանի զինված ուժերի էլիտար
ստորաբաժանումներ) արգելել է իր զինծառայողներին օգտագործել կապի ցանկացած միջոց
Լիբանանում նման սարքերի մի շարք պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է
Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի անվտանգության ծառայությունների
աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ Իսլամական
հեղափոխության պահապանների կորպուսը սկսել է ոչ միայն կապի միջոցների, այլև գործնականում
ողջ տեխնիկական սարքավորումների լայնածավալ ստուգում։ Ղեկավարությունը մտահոգված է
միջադեպերով և «Հըզբոլլահից» խնդրել է փորձաքննության արդյունքները, ինչպես նաև
պայթեցված սարքերի մի քանի նմուշներ։
Աղբյուրներից մեկը
նշել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը նաև մանրակրկիտ
հետաքննություն է սկսել միջին և բարձր օղակների սպաների նկատմամբ՝ բացահայտելու համար
նրանց, ովքեր դրամական միջոցներ են ստանում Իսրայելի հետ կապված
կազմակերպություններից:
«Դա ներառում է
նրանց բանկային հաշիվների ստուգումը ինչպես Իրանում, այնպես էլ արտերկրում, ինչպես
նաև նրանց և նրանց ընտանիքների ուղևորությունների պատմությունը»,- հստակեցրել է
աղբյուրը: