Իրանի և Թուրքիայի նախագահներ Մասուդ Փեզեշքիանը
և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը։ Այս մասին
հայտնում է Daily Sabah-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։
Փեզեշքիանի ընտրությունից հետո երկու
ղեկավարների առաջին հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ Նյու Յորքում, ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի նստաշրջանի կուլուարներում։
Էրդողանը նշել է, որ կարևոր է քայլեր ձեռնարկել, որոնք
կծառայեն խաղաղությանը և ուղղված կլինեն Իսրայելի ագրեսիայի դեմ, որը սպառնում է
տարածաշրջանային անվտանգությանը։
Միջազգային հանրությունը, նրա խոսքով, պետք է ավելի հաճախ
բարձրացնի այդ խնդիրը՝ հենվելով միջազգային իրավունքի, դիվանագիտության և մարդու
իրավունքների վրա, «որպեսզի հնարավորինս արագ վերջ տան բռնությանը, որն Իսրայելն իրականացնում է պաղեստինյան և լիբանանյան
տարածքներում»:
«Թուրքիան ավելացնում է ջանքերը՝ հումանիտար օգնություն տրամադրելու քաղաքացիական բնակչությանը պաղեստինյան տարածքներում, հատկապես
Գազայի հատվածում»,- հայտարարել է Էրդողանը։
Խոսելով Թուրքիայի և Իրանի պատմամշակութային կապերի մասին՝
Էրդողանը վստահություն է հայտնել, որ երկկողմ հարաբերությունները կզարգանան և
կամրապնդվեն բոլոր ոլորտներում։