Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Նյու Յորքում լրագրողների հետ զրույցում
հերքել է Իրանի կողմից Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մասին
տեղեկությունը։ Նա հայտարարել է, որ Թեհրանը երբեք չի աջակցել Ռուսաստանի
ներխուժմանը Ուկրաինա: Փեզեշքիանն ընդգծել է, որ Իրանը պատրաստ է բանակցել Արևմուտքի
երկրների հետ Ուկրաինայի պատերազմի հարցով։ «Մենք պատրաստ ենք նստել եվրոպացիների
և ամերիկացիների հետ բանակցությունների սեղանի շուրջ՝ երկխոսության և քննարկման
համար։ Մենք երբեք հավանություն չենք տվել ուկրաինական տարածքի դեմ ռուսական
ագրեսիային»,- ասել է նա։
Կրեմլը Իրանի
«ինքնիշխան» դիրքորոշումն է համարում ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ այս հայտարարությունը
և կշարունակի իր դիրքորոշումը հասցնել Իսլամական Հանրապետության ղեկավարությանը,
հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Դա Իրանի ինքնիշխան դիրքորոշումն է։ Մենք կշարունակենք մեր իրանցի ընկերներին
պարզաբանել մեր դիրքորոշումը և այն ամենը, ինչ կապված է Ուկրաինայի շուրջ այս
հակամարտության հետ։ Եվ մեր համագործակցությունը տարբեր ոլորտներում շատ դրական է
զարգանում։ Մենք ակնկալում ենք, որ այդ փոխգործակցությունը հետագայում ևս կընդլայնվի»,-
ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է Կրեմլն արձագանքել Իրանի
նախագահի հայտարարություններին, և արդյոք ուկրաինական պատերազմը չի՞ բարդացնում
Ռուսաստանի Դաշնության և Իրանի փոխգործակցությունը։