«Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը». Էրդողան


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններում հայտարարել է, որ երկրները զգալի առաջընթաց են գրանցել առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործում, և երկխոսությունը կշարունակվի։


Հանդիպումը կայացել է Նյու Յորքում «Թուրքական տանը»՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում։



Էրդողանը Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է երկկողմ հարաբերությունների կարգավորումը, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը, հայտնում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների հարցերով վարչությունը։


Թուրքիայի նախագահն ասել է, որ Անկարան աջակցում է Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հաստատմանը, և նշել է այդ ուղղությամբ շարունակվող ջանքերը։


Էրդողանը նաև նշել է Թուրքիայի և Հայաստանի միջև առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման ուղղությամբ զգալի առաջընթացը և անկեղծ աջակցություն է հայտնել երկխոսության շարունակմանը։

Թուրքական լրատվամիջոցները հայտնում են նաև, որ Էրդողանը Փաշինյանին նվիրել է իր հեղինակած գիրքը՝ «Ավելի արդարացի աշխարհը հնարավոր է»։