ԱՄՆ նախագահ Ջո
Բայդենի վարչակազմը չեղարկել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած
պատվիրակության՝ սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում կայանալիք ավանդական ընդունելությունը։
Այս մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները։
Բացի դրանից, վարչակազմը չեղարկել է վրացական պատվիրակության հետ նախատեսված բոլոր հանդիպումները՝ ներառյալ Կոբախիձեի հետ բանակցությունները։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նույնպես չեղարկել է հանդիպումը։
ԱՄՆ վարչակազմը, ինչպես պնդում է մամուլը, որոշումը բացատրել է
Վրաստանի կառավարության վերջին հայտարարություններով, որոնք, նրանց կարծիքով,
վկայում են «ժողովրդավարական սկզբունքների և վրաց ժողովրդի կամքի նկատմամբ ակնհայտ
անհարգալից վերաբերմունքի» մասին։
Հիշեցնենք, որ
մայիսին Իրակլի Կոբախիձեն չեղարկել էր իր այցը Միացյալ Նահանգներ՝ օտարերկրյա
գործակալների մասին օրինագիծը, ինչը բողոքի ցույցեր էր առաջացրել Վրաստանում, հետ
կանչելու Վաշինգտոնի պահանջների ֆոնին։ Այդ ժամանակ նաև «Վրացական երազանք»
կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին էր հրաժարվել հանդիպել ԱՄՆ
պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայենի հետ Վրաստան կատարած նրա այցի ժամանակ։
Օգոստոսին Իվանիշվիլին չեղարկել էր նաև կոնգրեսականների հետ հանդիպումը՝ դա բացատրելով
մի շարք պատճառներով, որոնց մասին Վրաստանը ծանուցել էր ամերիկյան կողմին։