«Մակրոնը Երևանին ռևանշիզմի է նախապատրաստում». Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական անգամ ջղաձգվել է

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերթական անգամ ջղաձգվել է: Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն Ֆրանսիայից պահանջում է վերջ դնել «տարածաշրջանում ապակառուցողական գործունեությանը»՝ մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարություններն առ այն, որ «Ֆրանսիան ուս ուսի կանգնած է Հայաստանի հետ՝ նրա վրա ճնշումների և Ադրբեջանի տարածքային հավակնությունների ֆոնին»։


«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթի ժամանակ հանդիսանում են Ֆրանսիայի կողմնակալ հայանպաստ մոտեցման ևս մեկ օրինակ ինչպես մեր երկրի, այնպես էլ ողջ խաղաղության գործընթացի նկատմամբ»,- իր մեկնաբանության մեջ ընդգծում է Ա. Հաջիզադեն։


Նրա խոսքով՝ «անընդունելի է, որ Ֆրանսիան, որը Երևանին ռևանշիզմի է նախապատրաստում և սպառազինում է այդ երկրին, ադրբեջանական կողմին մեղադրի ճնշման մեջ»։