Ճանապարհի վերահսկողության հարցում Իրանը հարգում է այս ՀՀ դիրքորոշումը․ Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար

Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար է ընտրվել Իրանի մեջլիսի հայ պատգամավոր Արա Շահվերդյանը։


Վերջինս մոտ օրերս Իրանի պատվիրակության հետ ժամանելու է Հայաստան։ Պատգամավորը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենց է միանալու նաև Իրանի արդյունաբերության նախարարը։ Պատվիրակությունը մասնակցելու է Եվրասիական հանձնաժողովի նիստին։ Բացի պատվիրակության անդամներից` ներկա են լինելու նաև գործարարներ Իրանից և Հայաստանից։ Նպատակը՝ Իրան-Հայաստան տնտեսական համագործակցության մակարդակը բարձրացնելն է։


Շահվերդյանը ընդգծեց նաև Իրան-Հայաստան սահմանի անձեռնմխելիության կարևորությունը Իրանի համար։ Պատգամավորի խոսքով՝ անկախ Իրանում նախագահի փոփոխությունից Իրանի արտաքին քաղաքականությունը մնում է նույնը, և Իրան-Հայաստան սահմանի անփոփոխությունը կարմիր գիծ է նրա համար։ «Բնականաբար Հայաստանի դիրքորոշումը այս հարցում Իրանը հարգում է։ Գիտենք նաև, որ այդ ճանապարհի վրա հսկողությունը Հայաստանը փորձում է ու պնդում է, որ ինքը պետք է անի և երրորդ երկրի թույլ չտա դա անել։ Իրանը հարգում ու հաստատում է Հայաստանի այս դիրքորոշումը։ Բնականաբար, Հայաստանը իր, իր ժողովրդի շահերից կախված և հանուն պետականության դիրքորոշումներ ու քայլեր է անում, Իրանն էլ՝  նկատի առնելով այս քայլերը հարգում է նման մոտեցումները», - ասաց Շահվերդյանը։

 

 

Նախորդ տարի, սակայն, Արա Շահվերդյանը News.am-ին տված հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, որ Փաշինյանն Ալիևի հետ կուլիսային պայմանավորվածություն ունի միջանցքի հարցում։ Շահվերդյանը արձագանքելով այս հարցազրույցին ասաց․ «Կարծեմ, մեկ տարի առաջ եմ հարցազրույց տվել, այդ ժամանակ դրսում էի, և կարծեմ, կա՛մ հարցին լավ չեմ անդրադարձել, կա՛մ պատասխանս լավ չի հասկացվել։ Համենայն դեպս, Զանգեզուրի միջանցքի հարցում Ադրբեջանը 30 տարի է օգտվում է Իրանի տարածքով։ Եթե պետք է ինչ-որ ուժեր գան էս տարածաշրջան ու Իրանի և Հայաստանի միջև խոչընդոտներ առաջացնեն, հայկական կողմն էլ վերջին մեկ-երկու տարին ցույց է տալիս, որ դեմ է դրան, մենք նշում ենք, որ այդ միջանցքը եթե լինի՝ վտանգելու է Հայաստանի և Իրանի սահմանը։ Իսկ եթե Հայաստանը վերահսկի՝ դա նորմալ մի բան է, այդպիսի միջանցքներ կան նաև մեր մոտ Իրանում»։


Շահվերդյանը նշեց, որ իր մտահոգությունը եղել է այն, որ Թուրքիան կամ Ադրբեջանը, կամ այլ ուժեր կարող են փորձել ուժով խլել ու կտրել Իրան-Հայաստան սահմանը ու թե՛ Հայաստանը, թե՛ Իրանը պետք է թույլ չտան դա։ Իրանը, պատգամավորի խոսքով, այդ հարցում աջակցում է Հայաստանին նաև այն պատճառով, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Իրանն էլ այդ կառույցում դիտորդի կարգավիճակ ունի, ու Հայաստանի հետ սահմանը կարևոր է նաև ԵԱՏՄ անդամ մյուս երկրների՝ ինչպես նաև ԵՄ երկրների հետ հարաբերվելու, կապեր և ելք ունենալու առումով։

 

Վովա Հակոբյան