«ԱՄՆ-ի և ԵՄ-ի՝ հրադադարի մասին խոստումները կեղծ էին». Իրանի նախագահ

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Իրանին հրադադար էին խոստացել ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությանը արձագանքի բացակայության դիմաց։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կիրակի օրվա կառավարության նիստում։


«ԱՄՆ-ի և եվրոպական երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք հրադադար էին խոստանում շահիդ Հանիայի սպանությանը Իրանի արձագանքի բացակայության դիմաց, եղել են ամբողջովին կեղծ: Նման հանցագործներին հնարավորություն տալը միայն կքաջալերի նրանց նոր հանցագործություններ կատարելու»:


Միաժամանակ Իրանի նախագահն ընդգծել է, որ Իսրայելի հանցագործություններն անպատասխան չեն մնա։ Մյուս կողմից, պատմական փորձը ցույց է տալիս, որ ազատության համար շարժումները չեն վերանում առանձին մարդկանց սպանություններով։


Փեզեշքիանը նշել է նաև, որ Իսրայելի դեմ պատերազմում «Հըզբոլլահը» չպետք է մենակ մնա։ Նա ուշադրություն է հրավիրել արաբական և իսլամական երկրների պատասխանատվության վրա «սիոնիստական ​​ռեժիմի դաժանության» առջև։