Չաբահար նավահանգստին հասանելիությունն արդեն տրամադրվել է Հայաստանին. իրանցի նախարար

Իրանը պատրաստ է հասանելիություն տրամադրել դեպի Չաբահար նավահանգիստ Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներին։ Այս մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը Երևանում Եվրասիական տնտեսական համաժողովի շրջանակներում «ԵԱՏՄ-Իրան գործարար երկխոսություն» պանելային քննարկման ժամանակ։


Ինչպես նշել է իրանցի նախարարը, Իրանի աշխարհագրական դիրքը նպաստում է դեպի Եվրոպա բեռների տարանցման կազմակերպմանը։ Դրանով անցնում են տարբեր տրանսպորտային միջանցքներ, որոնք Սև ծովը կապում են Կասպից ծովի և Հնդկական օվկիանոսի հետ։


Նրա խոսքով՝ Հնդկական օվկիանոսում իրանական Չաբահար նավահանգստին հասանելիությունը ԵԱՏՄ-ի հետ համագործակցության ուղղություններից մեկն է։


«Հասանելիությունը Հայաստանին արդեն տրամադրվել է: Մենք լիովին աջակցում ենք այս նախագծին: Ավելին, դեպի նավահանգիստ ենթակառուցվածքն արդեն պատրաստ է ԵԱՏՄ բոլոր երկրների ներկայության համար»,- նշել է Աթաբաքը։