Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը հայտնել է, որ հարվածներ են հասցվել Իսրայելի ռազմաօդային ուժերի երեք բազաներին։
Ինչպես հայտնում է Tasnim-ը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին նշել է, որ վերջին
երկու ամիսները չափազանց ծանր են եղել Իրանի ժողովրդի և դիմադրության ուժերի համար, և հավելել է.
«Թեհրանում նահատակ Հանիայի սպանության
պահից սկսած մինչև ամերիկացիներին և
եվրոպացիներին ուղղված բազմաթիվ
խնդրանքները՝ զսպվածություն դրսևորել Գազայում հրադադարի հասնելու
համար, մենք դժվար ժամանակաշրջան ենք ապրել։
Սակայն սիոնիստական ռեժիմը ԱՄՆ-ի աջակցությամբ և նույնիսկ նրա հավանությամբ սաստկացրեց իր հանցագործությունները՝ զանգվածային սպանություններ կազմակերպելով Լիբանանում, ինչը հատկապես դրսևորվեց Սեյիդ Հասան Նասրալլայի և գեներալ Նիլֆրուշանի նահատակությամբ: Այս դաժան գործողությունները իրավիճակը դարձրին անտանելի»։
Նրա խոսքով՝ Իսլամական Հանրապետությունը պահպանել է անհրաժեշտ միջազգային չափանիշները՝ չնայած սիոնիստական ռեժիմի հանցագործություններին։
Գեներալ-մայոր
Բաղերին նշել է, որ սիոնիստական ռեժիմի տնտեսական և
արդյունաբերական կենտրոնները, ինչպես նաև օկուպացված տարածքներում գտնվող
քաղաքացիական օբյեկտները չեն եղել գործողության թիրախ, թեև դա միանգամայն հնարավոր
էր։ Նա հայտարարել է. «Իսլամական հեղափոխության պահապանների
կորպուսը և Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը լիովին պատրաստ են
կրկնել այս հարձակումը բազմիցս՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական
առումներով։ Եթե խելահեղ սիոնիստական ռեժիմը, որը չի զսպվում ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, շարունակի իր հանցագործությունները կամ ոտնձգություն կատարի մեր
տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ, այսօրվա գործողությունը
կրկին կիրականացվի, բայց շատ ավելի մեծ թափով, և նրանց բոլոր ենթակառուցվածքները կոչնչանան»:
Վերջում նա
հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները կփոխի իր քաղաքականությունը և քայլեր
կձեռնարկի սիոնիստական ռեժիմին զսպելու համար, ինչը թույլ կտա տարածաշրջանին շարժվել դեպի խաղաղություն։