«Այստեղ մեզ զգում ենք՝ ինչպես տանը». Նարիշկինը Բաքվում է. որն է նրա այցի նպատակը

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 2-3-ը Բաքու կատարած այցի ժամանակ սենսացիոն հայտարարություն է արել առ այն, որ Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները վերջերս կանխել են «ամերիկացիների սադրիչ սպառնալիքը ռուս դիվանագետի նկատմամբ։ » Այլ մանրամասներ Նարիշկինը չի հայտնել, գրում են ռուսական լրատվամիջոցները։


Ինչպես ասվում է Նարիշկինի այցի վերաբերյալ Արտաքին հետախուզության ծառայության հայտարարության մեջ, «Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանը հատուկ տեղ են հատկացնում երկու երկրներում ներքին իրավիճակը խաթարելու արևմտյան հատուկ ծառայությունների փորձերին հակազդելուն»։


«Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության պատվիրակությունը այցով գտնվում է Ադրբեջանում։ Ադրբեջանական կողմի հետ պրոֆեսիոնալ ​​բանակցություններ են ընթանում՝ կապված պետական ​​անվտանգության հետ։ Երեկ ինձ ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Հանդիպմանը քննարկել ենք մեր երկրների միջև համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են միջազգային օրակարգին։ Հաճույքով ուզում եմ նշել. Ադրբեջանում, ինչպես միշտ, մեզ ընդունել են ինչպես իսկական ընկերների։ Մենք այստեղ մեզ զգում ենք՝ ինչպես տանը։ Այս կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և Ադրբեջանի ղեկավարությանը, և ամբողջ ադրբեջանական ժողովրդին»,- հայտարարել է Նարիշկինը։