«Իրանը գործում է առանց հապաղելու, բայց և անշտապ. Մեր հարվածը ամենամեղմ պատասխանն էր Իսրայելին». Խամենեի

Անցյալ երեքշաբթի Իրանի հրթիռային հարվածն Իսրայելի վրա Թեհրանի ամենամեղմ պատասխանն էր Իսրայելի իշխանությունների գործողություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ ելույթ ունենալով լիբանանյան «Հըզբոլլահ» խմբավորման նախկին առաջնորդ Հասան Նասրալլայի հրաժեշտի արարողությանը։


«Այն, ինչ արեցին մեր զինված ուժերը, ամենամեղմ պատիժն էր սիոնիստական ​​ռեժիմի, ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հանցագործությունների համար»,- ասել է Խամենեին: Նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում հարձակումները կշարունակվեն։


Խամենեին նաև նշել է, որ Իսրայելին երբեք չի հաջողվի հաղթել պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանն ու «Հըզբոլլահին». «Իսլամական Հանրապետության բոլոր գործողությունները միջազգային ասպարեզում կիրականացվեն վստահությամբ և խիզախությամբ։ Մենք միշտ գործում ենք առանց հապաղելու, բայց և անշտապ՝ կատարելով մեր պարտքը»։