Ինչպեսն արդեն տեղեկացրել ենք,
ըստ տարբեր ԶԼՄ-ների՝ Իսրայելի կառավարությունը որոշել է մեծ հարձակում իրականացնել
Իրանի դեմ։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն
հայտարարել է, որ Իսրայելը պարտավոր է և իրավունք ունի պատասխանել Իրանի հրթիռային
հարձակմանը. «Մենք դա կանենք»։
Civic.am-ը զրուցել է Թեհրանի
«Արաքս» շաբաթաթերթի և «Արաքս նյուզի» գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանի հետ՝ տեղեկանալու,
թե ինչ իրավիճակ է այս պահին Իրանում։
Նա նշեց, որ Իրանում սովորական
օր է, ժողովուրդը հանգիստ աշխատանքի է գնացել:
«Վերացվել են ավիահաղորդակցության
սահմանափակումները: Հերքվել է նաև Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս»
ստորաբաժանման հրամանատար գեներալ Էսմայիլ Ղաանիի զոհվելու մասին լուրը: Իհարկե զինուժը
պատրաստ վիճակի է բերված՝ Իսրայելի հավանական հարձակման դեպքում շատ ավելի հզոր պատասխան
հարված հասցնելու համար»,- ասաց Մովսես Քեշիշյանը:
Նա նաև նշեց, որ սպասողական վիճակը,
սակայն, իր ազդեցությունն է թողել տարադրամի շուկայի վրա. ԱՄՆ դոլարի գինը վերջին օրերին
5 տոկոսի չափով բարձրացել է իրանական ռիալի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Իրանի Քաղաքացիական
ավիացիայի կազմակերպությունը հոկտեմբերի 6-ից մինչև հոկտեմբերի 7-ի առավոտը չեղարկել
էր թռիչքները երկրի բոլոր օդանավակայաններից: Այսօր արդեն ավիաչվերթները վերականգնվել
են:
Լիլիթ Թադևոսյան