Եվրախորհրդարանը Վրաստանից պահանջում է պատժամիջոցնել սահմանել ՌԴ-ի դեմ, ինչպես նաև ազատ արձակել Սաակաշվիլիին. Թբիլիսիի արձագանքը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին «գարշելի» է անվանել երկրի իշխանություններին ուղղված Եվրախորհրդարանի բանաձևում պարունակվող կոչը՝ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ։


«Վրաստանի վերաբերյալ բանաձևում առաջադրված պահանջը՝ Ռուսաստանի դեմ երկկողմանի պատժամիջոցներ սահմանելու մասին, գարշելի է։ Սկանդալայինն այն է, որ այս բանաձևը Եվրամիության առաջին պաշտոնական հրապարակային փաստաթուղթն է, որում բացահայտ կերպով արձանագրվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանելու պահանջը»,- ճեպազրույցում ասել է Պապուաշվիլին։


Վրաստանի խորհրդարանի նախագահի խոսքով՝ բանաձևի հեղինակները քաջ գիտակցում են, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներով Վրաստանի իշխանությունները վնաս կհասցնեն ոչ թե Ռուսաստանին, այլ սեփական երկրին։


Պապուաշվիլին նաև քննադատության է ենթարկել  բանաձևում պարունակվող այլ կոչերը, այն է՝ ազատ արձակել Սաակաշվիլիին, ինչպես նաև Եվրախորհրդի կողմից պատժամիջոցներ սահմանել Իվանիշվիլիի նկատմամբ։