Եվրախորհրդարանը ճնշող
մեծամասնությամբ ընդունել է Վրաստանի վերաբերյալ բանաձև, որը ԵՄ անդամ երկրներին կոչ
է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել «Վրացական երազանքի» հիմնադիր և պատվավոր
նախագահ Բիձինա Իվանիշվիլիի դեմ, իսկ Եվրահանձնաժողովին՝ գնահատել Վրաստանում
ընդունված օրենքների ազդեցությունը (ներառյալ «Օտարերկրյա գործակալների մասին»
օրենքը) վիզայի ազատականացման ցուցանիշներին հասնելու համար:
Բանաձևին աջակցել է Եվրախորհրդարանի 495
պատգամավոր, 73-ը դեմ է քվեարկել, 86-ը՝ ձեռնպահ։
Վրաստանի
իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը Եվրախորհրդարանի ընդունած բանաձևը
գնահատել է որպես կոպիտ միջամտություն երկրի ներքին գործերին։ Իշխող կուսակցության
նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին ասել է, որ բանաձևը պատրաստվել է
լոբբիստների կողմից՝ Վրաստանի «արմատական և սնանկ ընդդիմության» հովանավորների կողմից և ուղղված է Վրաստանի պետականության դեմ։
«Բարեբախտաբար կամ դժբախտաբար, սա ոչ առաջին,
ոչ էլ վերջին բանաձևն է։ Մենք շատ ենք տեսել նման անարդարացի բանաձևեր։ Հիշեք,
երկու տարի առաջ երկրին մերժեցին թեկնածուի կարգավիճակը։ Նմանատիպ տեքստ է ստացվել
նույն հաղորդագրություններով՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու,
Սաակաշվիլիի ազատ արձակման և Կեզերաշվիլիի, որպես մեդիա մենեջերի, հիշատակման
մասին։ Հիմա մենք տեսնում ենք, որ լոբբիստները, որոնք մեր արմատական ու սնանկ ընդդիմության հովանավորներն են, նրանց օգնությամբ այսպիսի բանաձև են պատրաստել Վրաստանի դեմ։ Սա Վրաստանի ներքին գործերին անամոթ միջամտության հերթական ցուցադրությունն է»,- ընդգծել է Ղարիբաշվիլին։