Վրաստանի մայրաքաղաքի փողոցներում հայտնվել
են իշխող «Վրացական երազանքի» նախընտրական նոր պաստառներ։ Դրանց վրա արնակարմիր
ֆոնին պատկերված են ընդդիմության ներկայացուցիչները և ձեռք, որը նրանց վզափոկով բռնել
է, իսկ մակագրությունը այսպիսին է՝ «Չկա՛ պատերազմ. Չկա՛ ագենտուրա»:
Նախընտրական քարոզարշավի սկզբից ի վեր իշխող
կուսակցության գովազդային պաստառներն ու տեսահոլովակները բազմիցս քննադատության
առիթ են դարձել ոչ միայն երկրի ներսում, այլև դրա սահմաններից դուրս։ Ավելի վաղ
«Վրացական երազանք»-ն իր գովազդում պատերազմից ավերված Ուկրաինայի քաղաքները համեմատել
էր Վրաստանի իշխող կուսակցության օրոք վերականգնված կամ կառուցված շենքերի հետ։
Երեք հեռուստաալիքներ՝ «Մտավարի»-ն, «Ֆորմուլա»-ն
և «Պիրվելի»-ն, հրաժարվել են հեռարձակել այդպիսի գովազդային հոլովակներ՝ հայտարարելով,
որ դրանք պարունակում են ռազմական քարոզչություն, վախ են սերմանում ընտրողների մեջ
և խախտում են էթիկայի նորմերը: Սակայն Վրաստանի հաղորդակցությունների ազգային
հանձնաժողովը դա համարել է խախտում և այդ հեռուստաալիքների նկատմամբ կազմել է արձանագրություն
վարչական իրավախախտումների վերաբերյալ։