Թուրքիայի ԱԳՆ նախարար Հաքան Ֆիդանը Ստամբուլում «3+3» տարածաշրջանային հարթակի հանդիպմանը, որին, ինչպես ակնկալվում է, կմասնակցեն Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը, կընդգծի Անկարայի աջակցությունը Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Թուրքիայի մայրաքաղաքում դիվանագիտական աղբյուրին։
«Ակնկալվում է, որ նախարար Ֆիդանը իր
ելույթում կհայտարարի, որ Անկարայի ջանքերն ուղղված են Կովկասում խաղաղության և
կայունության հաստատմանը: Ակնկալվում է, որ շեշտը կդրվի այն բանի վրա, որ
տարածաշրջանային պատասխանատվությունը խնդիրների լուծման ամենաարդյունավետ մեթոդն
է: Նախարարը կընդգծի, որ Թուրքիան աջակցում է մի գործընթացի, որին զուգահեռ
ընթանում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման
գործընթացը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ հանդիպման մասնակիցները համատեղ հայտարարություն
կընդունեն՝ ընդգծելով հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
«Հանդիպման ավարտին մասնակից երկրները
նախատեսում են ընդունել համատեղ հայտարարություն: Հայտարարության տեքստում
կընդգծվի տարածաշրջանի երկրների միջև առկա խնդիրները երկխոսության միջոցով
լուծելու անհրաժեշտությունը՝ ելնելով ՄԱԿ-ի կանոնադրության մեջ ամրագրված
սկզբունքներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ հայտարարության տեքստում
նախատեսվում է նաև շեշտը դնել տարածաշրջանային տնտեսական համագործակցության,
վստահության ամրապնդման և բարեկեցության բարձրացման անհրաժեշտության վրա: