Վրաստանի նախագահ Սալոմե
Զուրաբիշվիլին Օրբելյանի պալատում կայացած մամուլի ասուլիսում պատասխանել է
լրագրողների հարցին առ այն, թե ինչո՞ւ նա ընտրություններից առաջ վարչապետի
պաշտոնում թեկնածու չներկայացրեց։
«Ժողովրդավարություն նշանակում է, որ երբ
պետք է փոխզիջումների գնալ, պետք է գնալ փոխզիջումների, երբ պետք է զիջել, պետք է
զիջել, երբ մտնում ես երկխոսության մեջ, պետք է լսես ուրիշների կարծիքը և
հասկանաս, թե ինչու նրանք նման դիրքորոշում ունեն։ Ահա թե ինչ տեղի ունեցավ: Ես
ունեմ իմ դիրքորոշումը և կարծում եմ, որ թերևս ամենացանկալին տեխնիկական
կառավարությունն է, բայց ես պատրաստ չեմ դառնալ բռնապետ և ասել
կուսակցություններին, որոնք ունեն իրենց ընտրողներն ու իրենց տեսլականը, որ իմ
տեսլականը, ինչպես նախկինում, միակն է և ճիշտը։ Կխոսենք ընտրություններից հետո,
կգանք փոխզիջման, և այդ փոխզիջումը կլինի ամենացանկալին հասարակության համար։ Խարտիայում
գրված է, որ նախագահը կառաջադրի թեկնածու վարչապետի պաշտոնում, և այդպես էլ կլինի,
դրանից հետո, իհարկե, կլինեն խորհրդակցություններ, խոսակցություններ ամեն ինչի
շուրջ, և մենք ամեն ինչ կորոշենք միասին»,- ասել է Վրաստանի նախագահը։
Հանրային հեռարձակողի լրագրողի հարցին, թե
ինչպիսի՞ն է լինելու նախագահի դիրքորոշումը կապված հոկտեմբերի 26-ի երեկոյան
հրապարակվելիք ԿԸՀ տվյալների հետ, ինչպիսին էլ որ լինեն դրանք, այդ թվում, օրինակ,
եթե հաղթի իշխող կուսակցությունը, Սալոմե Զուրաբիշվիլին պատասխանել է. «Ես ունեմ
մեկ շատ լուրջ քննադատություն ԿԸՀ-ի աշխատանքի վերաբերյալ, և այն առնչվում է արտասահմանում
գտնվող մեր քաղաքացիներին։ Ամեն ինչ արվել է, որպեսզի նրանց հնարավորություն չընձեռվի
լիարժեքորեն մասնակցելու ընտրություններին։ Մեկ միլիոնից միայն 100 հազարն է գրանցում
է անցել, այն էլ մեծ դժվարությամբ։ Ոչ մի նոր ընտրատեղամաս չի բացվել, թեև
օրենքում նշված բոլոր պայմանները կատարված էին, և չնայած դրան, ԿԸՀ-ն այս հարցը
նույնիսկ չի էլ դիտարկել։ Ուստի ԿԸՀ-ի ձեր գնահատականը հասկանալի է, բայց այն
ամբողջական չէ։ Տեսնենք, թե ինչպիսին կլինի ԿԸՀ-ի եզրակացությունը:
Ինչպե՞ս կարող եմ ձեզ նախապես ասել, թե ինչ
գնահատական ես կտամ։ Տեսնենք, թե ինչպես կանցնեն ընտրությունները, ինչպիսին կլինեն տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների ու դիտորդական առաքելությունների գնահատականները, որոնք գտնվում են
երկրում։ Դրա հիման վրա կտեսնենք, թե ինչպես պետք է գնահատել ԿԸՀ աշխատանքը»։