Նրա կոկորդիլոսի արցունքները ոչ մեկին չեն հետաքրքրում․ Կոբախիձեն՝ Զուրաբիշվիլիին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն արձագանքել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիիի հայտարարությանը, նշելով, որ Զուրաբիշվիլիի կոկորդիլոսի արցունքները ոչ մեկին չեն հետաքրքրում։ 


Հիշեցնենք, որ  Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ երկրի ՆԳ նախարար Վախթանգ Գոմելաուրիի հետ կապ հաստատել չի լինում, նա չի պատասխանում իր հեռախոսազանգերին։ 



«Երկրի տարբեր վայրերում տեղի են ունենում դաժան գործողություններ, ջարդել են մեդիա տեխնիկան։ Հավաքվել են խմբեր, որոնց նպատակն իրավիճակի սրումն է։ Շատ տխուր է, որովհետև սա է մեր երկրի դեմքը, համբավը, թուլությունը։ Ես չեմ կարող կապ հաստատել ՆԳ նախարարի հետ, ցավոք, իմ վարչակազմը չի կարող կապ հաստատել նրա տեղակալի հետ, չի աշխատում պաշտոնական կառավարական գիծը։ Ուզում եմ Վախթանգ Գոմելաուրիին խնդրել, որպեսզի ոստիկանական բաժանմունքներում ոստիկանության արձագանքն ավելի ժամանակին և արդյունավետ լինի»,- ասել է Վրաստանի նախագահը։


Կոբախիձեն նշել է, որ Զուրաբիշվիլին ոչ մի կապ չունի ՆԳՆ-ի ու ՆԳ նախարարի հետ. «Սա խորհրդարանական հանրապետություն է, որտեղ կա ուղղահայաց գիծ, ​​կա կառավարություն, կա ենթակայության համակարգ, և նա պետք է հարգի այս համակարգը»,- ասել է Վրաստանի վարչապետը։