«Վրաստանում ընտրություններն անցել են մաքուր և ժողովրդավարական». Կոբախիձե


Հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն անցել են լիովին մաքուր, թափանցիկ, մրցակցային և ժողովրդավարական, լրագրողներին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։


«Ընտրություններն անցել են լիովին արդար, ազատ, մրցակցային և մաքուր։ Չի եղել ոչ մի խնդիր բաց լինելու հետ կապված: Բոլորը ամեն ինչ կարող են վերստուգել»,- ասել է Կոբախիձեն:


Նախօրեին Հելսինկյան հանձնաժողովը X սոցիալական ցանցի իր էջում հաղորդագրություն էր հրապարակել այն մասին, որ Վրաստանում խորհրդարանական ընտրություններից հետո քաղաքացիական հասարակությունը, քաղաքական գործիչները և դիտորդները «հստակ վկայություններ» են ներկայացրել առ այն, որ ընտրությունների արդյունքները չեն արտացոլում ժողովրդի կամքը։ Հաղորդագրության մեջ նաև աջակցություն է հայտնվել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքերին, որը հայտարարել է ընտրակեղծիքների մասին։ Ինչպես լրագրողների առջև նշել է Կոբախիձեն, «Հելսինկյան հանձնաժողովի հայտարարությունները արժեք չունեն»։