Կիևը Վրաստանի իշխանություններին կոչ է արել «չգնալ բելառուսական ճանապարհով» և անցկացնել հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում կեղծիքների մասին հաղորդումների հետաքննություն։
«Միջազգային դիտորդների կողմից հաստատված
փաստերը պետք է հետաքննվեն՝ ընտրությունների լեգիտիմությունն ապահովելու
և քաղաքական ճգնաժամից խուսափելու համար։ Վրաստանի կառավարությանը կոչ ենք անում
չգնալ բելառուսական ճանապարհով՝ դեպի ինքնիշխանության և անկախության կորուստ»,-
ասված է Ուկրաինայի ԱԳՆ հայտարարության մեջ:
Գերատեսչությունն արձագանքել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի
դիտորդների եզրակացություններին, որոնք խոսում են, մասնավորապես, ընտրողներին կաշառելու,
ահաբեկելու, հարկադրելու և ճնշում գործադրելու փաստերի մասին։
«Սա խախտումների միայն ոչ ամբողջական ցանկն
է, որոնցով այս ընտրությունները կհիշվեն։ Զարմանալի չէ, որ դրանց արդյունքները բարձր
են գնահատել և շնորհավորել են Ռուսաստանում, քանի որ արդյունքների վրա ազդելու
կամքի արտահայտման այդպիսի մեթոդները բնորոշ են ռուսական ռեժիմին։ Միաժամանակ
դրանք անհամատեղելի են դեպի ԵՄ և ՆԱՏՕ տանող ճանապարհին, որի մասին հռչակում են
վրացական իշխանությունները»,- ասված է հայտարարության մեջ։