Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հոդված է հրապարակել ֆրանսիական Le Figaro-ում, որտեղ ներկայացրել է Ղազախստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության առանցքային ոլորտները և ընդգծել Ղազախստանի դերը միջազգային դիվանագիտության մեջ:


«Ղազախստանը ռազմավարական և հուսալի գործընկեր է Ֆրանսիայի համար»,- այսպես է վերնագրել հոդվածը Տոկաևը, որում ի թիվս այլ հարցերի, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին և խաղաղության պայմանագրի բանակցություններին:


«Հարթակ տրամադրելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման համար՝ մենք ամեն կերպ աջակցում ենք երկու երկրների ձգտումներին՝ նոր էջ բացելու երկկողմ հարաբերություններում: Անհրաժեշտ է, որ այնպիսի միջին տերությունները, ինչպիսին Ղազախստանն է, օգտագործեն իրենց հնարավորությունները բազմակողմ երկխոսության առաջմղման և գլոբալ ու տարածաշրջանային կայունության ապահովման համար։


Ղազախստանը մտադիր է հետագայում ևս ակտիվորեն աջակցել այդ գործընթացին՝ ամրապնդելով համագործակցությունը բոլոր պետությունների հետ»,- նշել է Տոկաևը։