«Ընդդիմությունը փողոցում հաջողության հասնելու որևէ ռեսուրս չունի». Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ ընդդիմությունը ռեսուրս չունի նույնիսկ այն բանի համար, որ ստիպի կառավարությանը գնալ բանակցությունների՝ «ապրիլյան համաձայնագրի» նման։


Նա նշել է, որ ընտրություններից առաջ իշխանությունները հայտարարում էին, որ ընդդիմությունը բողոքելու է ընտրությունների արդյունքների դեմ, որ փորձելու են հանրահավաքներ կազմակերպել, «բայց մենք ասել ենք, որ նրանք ոչ մի ռեսուրս չունեն»։


Կոբախիձեն ընդգծել է, որ ընդդիմությունը չի վայելում հանրային աջակցություն և չի կարողանա հաջողության հասնել փողոցում, գրում է SOVA-ն։


«Փողոցը և հաղթանակը ընտրություններում պահանջում են միևնույն ռեսուրսները, և դա հանրային աջակցությունն է։ Նրանց աջակցությունը, ընդհակառակը, նվազել է չորս տարի առաջվա ընտրությունների համեմատ, հետևաբար փողոցում որևէ հաջողության հասնելու նրանց ռեսուրսները հավասար են զրոյի։ Թեև նրանք պետք է արդարանան իրենց իսկ կողմնակիցների առաջ. նրանք նույնիսկ խաբել են իրենց կողմնակիցներին, որպեսզի հաղթեին ընտրություններում։ Իսկ հիմա փորձում են այս ստի մեջ մեղադրել ուրիշներին։ Իրականում նրանք ստիպված են իրենց արդարացնել այս ստի համար։


2020 թվականին նրանք որոշակի հաջողությունների հասան, դրանք բանակցություններն էին, որոնք անցկացվեցին մեր մասնակցությամբ պարտադրանքի ճանապարհով, հետո եղավ ապրիլյան համաձայնագիրը, որը նշանակում էր երկիրը ժամանակավորապես դուրս բերել սահմանադրական շրջանակից. դա քաղաքական համաձայնագիր էր, որը ստորագրվեց ճնշման տակ։ Այժմ նրանք չունեն ռեսուրս՝ ստիպելու կառավարությանը գնալ այդ տեսակի բանակցությունների և առավել ևս՝ կնքել որևէ քաղաքական համաձայնագիր, որը հերթական անգամ երկիրը դուրս կբերի սահմանադրական շրջանակներից։ Ուստի այս տարի ընդդիմությունը չունի այն ռեսուրսները, ինչ ուներ չորս տարի առաջ»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։