Իրանը կողմ է հաղորդակցությունների բացմանը, բայց՝ Հայաստանի ինքնիշխանությունը հարգելու պայմանով. Սոբհանի

Իրանը աջակցում է տարածաշրջանում տրանսպորտային ուղիների բացմանը, սակայն Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը հարգելու պայմանով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին Կապանում «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» փորձագիտական ​​սեմինարի ժամանակ։


Նրա խոսքով՝ այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցում Իրանի դիրքորոշումը մնում է հստակ. Իրանը կտրականապես դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության և միջանցքի հայեցակարգի։


«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ ամուր հիմքեր ունեն. մենք հարևաններ ենք, որոնք դարեր շարունակ ապրել են կողք կողքի՝  պահպանելով լավ, բարիդրացիական կապեր: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է քայլեր ձեռնարկել մեր ժողովուրդների շահերի դեմ»,- նշել է Սոբհանին։


Հայաստանում Իրանի դեսպանն ընդգծել է նաև, որ Իրանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները միշտ զարգացել են առանց արտաքին գործոնների ազդեցության։ Թեհրանը վստահ է, որ դրանք կշարունակեն ամրապնդվել գործընկերային ոգով, զերծ արտաքին ճնշումներից։