«Պատիվ ունեմ»-ի ՀՀԿ-ական պատգամավորը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանող․ գործն ուղարկվել է դատարան

ՀՀ գլխավոր դատախազությունը նախորդ ամսվա վերջին Հակակոռուպցիոն դատարան է ուղարկել  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական գործը, որով պատասխանող են հանդես գալիս Կոտայքի մարզի Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Հայկազի Մկրտչյանը,  նրա որդին՝  Հայկ Մկրտչյանը, դուստը՝ ԱԺ պատգամավոր Աննա Մկրտչյանն ու  եւս մեկ անձ՝ Մելանյա Գրիգորյանը։ Այս մասին civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։ Նշենք, որ հիշյալ հարթակում դեռևս հրապարակված չէ գույքերի այն ցանկը, որոնք Դատախազությունը համարել է ապօրինի և ենթակա բռնագանձման։

 

 

Հիշեցնենք՝ Քասախի ՀՀԿ-ական նախկին համայնքապետը, որը համայնքի կառավարումը ստանձնել էր 1996-ից և պաշտոնավարել է մինչև 2021-ի նոյեմբեր, 2023-ին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած  (պաշտոնեական պարտականությունները  դադարեցնելու) հայտարարագրում հայտարարագրել  է երեք հողամաս Կոտայքի Նաիրի համայնքում, մեկ անհատական բնակելի տուն և մեկ բնակարան՝ նույն համայնքում, մեկ անհատական բնակելի տուն էլ՝ Երևանում։ Գույքերից երկուսը գնել է, մյուս երկուսը՝ ժառանգություն ստացել, երկուսն էլ ձեռք է բերել այլ եղանակով։ Հիշյալ հայտարարագրում պատգամավորի հայրը նշել է 116 հազար 966 ԱՄՆ դոլար վարկ  (հիպոտեկ)՝  բնակարանի ձեռք բերման համար։ 

 


Արա Մկրտչյանին, հիշեցնենք, մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար՝ 5 դրվագով: Ըստ այդմ՝ Մկրտչյանը գյուղական գերեզմանոցի 11,6 հա տարածք է օտարել գերեզմանների հետ միասին և այն 2003 թվականին վաճառել 783 հազար դրամով: Իր գործողություններն օրինականացնելու համար նա ավագանու անդամների հետ փոխել է պատկանելությունը, կեղծել փաստաթղթերը, վարձակալության պայմանագիր կնքել, հետո վաճառել այն։



Բացի դրանից, նա նաև տարածքը վաճառել է համայնքին պատկանող արժեքից թանկ՝ կեղծ աճուրդների միջոցով, որոնց մասնակցել են նրա ծանոթները։ 2012-2015 թվականներին նա աճուրդային հանձնաժողովի անդամների հետ միասին վաճառել է մի քանի հողամաս և պետությանը անզգուշությամբ պատճառել է շուրջ 35.4 միլիոն դրամի վնաս։ 



Բացի դրանից, պարտավորվելով կանխարգելել և կասեցնել ինքնակամ կառույցի հետագա շինարարությունը՝ նա բանավոր համաձայնություն է տվել բնակիչներից մեկին՝ սկսել շինարարությունը, ինչպես նաև օգնել կառուցված շենքը վաճառել համայնքի մեկ այլ բնակչի: 2015 թվականին շենքը կառուցվել է, սակայն 2020 թվականին, տեղեկանալով, որ այդ ամենի փաստով քրեական գործ է քննվում, նա որոշում է կայացրել կառուցապատողին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, ինչը ձևական բնույթ է կրել։

 


Մեկ այլ քրեական գործով էլ Արա Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,  օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն ժամանակ քողարկված պահանջ է ներկայացրել քվեարկել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին, ինչպես նաև բարեգործության անվան տակ խոստացել է ծառայություններ մատուցել:



Ըստ իրավապահների՝ Արա Մկրտչյանը, նպատակ ունենալով հնարավորինս բացառել իր ղեկավարած համայնքի բնակիչների կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկությունները, միաժամանակ` «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեներ ապահովելու համար, 2021 թվականի հունիսի 17-ին Քասախ համայնքի վարչական շրջանում գտնվող «Նևրոզների կլինիկա» ՓԲ ընկերության տնօրենի հետ միասին կազմակերպել և անցկացրել է ժողով ընկերության աշխատակիցների մասնակցությամբ, որոնց մեծ մասը եղել են Քասախ համայնքի բնակիչներ: