ՀԱՊԿ-ի նկատմամբ Հայաստանի ներկայիս վերաբերմունքը պայմանավորված է ներքաղաքական խնդիրներով և Լեռնային Ղարաբաղի թեմայով։ Այսպես է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մեկնաբանել Ղազախստանում Հավաքական անվտանգության խորհրդի այսօրվա նիստին հայկական կողմի բացակայությունը:
Պուտինը հավելել է, որ ՀԱՊԿ-ը չպետք է Լեռնային Ղարաբաղում պատերազմեր Հայաստանի համար, քանզի այդ պարագայում Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել։
«Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն իրենց յուրահատկությունն ունեն։ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն, և վստահաբար չի էլ ներառել իր պետական սահմանում։ Ուրեմն այն, ինչ տեղի է ունեցել Ղարաբաղում, իրավական տեսանկյունից Հայաստանի հետ ուղղակի կապ չունի։ Տարօրինակ է հավակնել, որ ՀԱՊԿ-ը պետք է կռվեր Լեռնային Ղարաբաղի տարածքում»,- նշեց Պուտինը։
Միևնույն ժամանակ, Պուտինի խոսքով, ցանկացած երկրի իրավունք ունի ինքը որոշել, թե ինչ անել անվտանգության ոլորտում։