Եվրոպական խորհրդի նոր ղեկավարը պորտուգալացի Անտոնիո Կոստան է

Բելգիացի Շառլ Միշելն ուրբաթ Եվրոպական խորհրդի նախագահի լիազորությունները փոխանցել է Պորտուգալիայի նախկին վարչապետ Անտոնիու Կոշտային:


Եվրոպական խորհրդի բրյուսելյան ապարատի աշխատակիցների և լրագրողների ներկայությամբ հրաժեշտի ելույթում Միշելը՝ թվարկելով ԵՄ-ի արժանիքները, նշել է Ուկրաինային աջակցությունը, այդ թվում՝ ռազմական օգնության տրամադրումը։


Նա ասել է, որ Եվրոպական խորհուրդը «բնական և կենսական դեր» ունի մրցունակության ուժեղացման, նորարարության խթանման, պաշտպանական և անվտանգության կարողությունների ամրապնդման ու միջազգային համագործակցության հարցում: Արարողությանը ներկա է եղել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։


Շառլ Միշելը հավելել է, որ իր մանդատի հիմնական դասը եղել է ըմբռնումը, որ «Եվրոպական խորհուրդը կա և պետք է լինի եվրոպական միասնության պահապանը»։


Կոշտան էլ իր ելույթում ընդգծել է եվրոպական միասնության կարևորությունը՝ նշելով, որ միայն դրա առկայության դեպքում եվրոպացիները կարող են միասին կառուցել անվտանգություն, կայունություն և խաղաղություն մայրցամաքում։ Նա եվրոպացիների ընդհանուր նպատակը համարել է նրանց արժեքների պաշտպանությունը, խաղաղության կառուցումը և բարգավաճման ամրապնդումը: