ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներում է շնորհել իր որդուն՝ Հանթեր Բայդենին, այն հանցագործությունների համար, որոնք նա «կատարել է կամ կարող էր կատարած լինել» 2014 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի դեկտեմբերի 1-ը, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Ներումը տարածվում է բոլոր հանցագործությունների վրա, ներառյալ նրանց, որոնց համար Հանթեր Բայդենը մեղավոր է ճանաչվել:
Բայդենն իր որդու նկատմամբ հետապնդումն անվանել է դատական սխալ։ Նա նշել է, որ իր որդուն առաջադրված զենքի
գնման մեղադրանքները, որպես կանոն, ծանր հանցանքներ չեն համարվում, իսկ հարկերի վճարումների ուշացումները չեն պատժվում քրեական գործով, բայց «ակնհայտ է, որ Հանթերի հետ այլ կերպ են վարվել»:
«Ոչ մի ողջամիտ մարդ, որը զննում է Հանթերի գործի փաստերը,
չի կարող այլ եզրակացության գալ, բացի այն բանից, որ Հանթերն ընտրվել է միայն այն
պատճառով, որ նա իմ որդին է, և դա սխալ է: <…> Փորձելով կոտրել Հանթերին՝ նրանք փորձել են
կոտրել ինձ, և հիմքեր չկան ենթադրելու, որ դա կանգ կառնի»,- ասվում է
հայտարարության մեջ: «Ես հուսով եմ՝ ամերիկացիները կհասկանան, թե ինչու է հայրն ու
նախագահը հանգել այս որոշման»,- հավելել է Բայդենը։
Ինքը՝ Հանթեր Բայդենը, հայտարարել է, որ «ընդունել և պատասխանատվություն
է ստանձնել իր սխալների համար կախվածության ամենամռայլ օրերին»։ Նրա խոսքով՝ այդ սխալներն
օգտագործվել են այն բանի համար, որ «հրապարակայնորեն նվաստացնեն և խայտառակեն» իրեն
և իր ընտանիքին հանուն քաղաքականության:
«Ես երբեք չեմ ընդունի այն գթասրտությունը, որն ինձ շնորհվել
է այսօր, և կնվիրեմ կյանքս, որը ես նորից եմ կառուցել, օգնելու նրանց, ովքեր դեռ
հիվանդ են և տառապում են»,- հայտարարել է Հանթերը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հանթեր Բայդենի ներումը
համարել է չարաշահում և արդարադատության համակարգի սխալ։