Բարդ իրավիճակ է․ Վրաստանում օր առաջ կայունության հաստատումը կարևոր է Հայաստանի համար

Վրաստանում արդեն հինգերորդ օրն է՝ շարունակվում են բողոքի ցույցերը։ Քաղաքացիները փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ երկրի  իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել Եվրամիության հետ բանակցությունները մինչև 2028 թվականը։


Այսօր առավոտյան Թբիլիսիում կրկին թեժ է եղել, բախումներ են սկսվել իրավապահների և ցուցարարների միջև։


Ըստ վրացական ԶԼՄ-ների՝ ոստիկանները ցուցարարներին ցրել են ջրցաններով, ի պատասխան՝ բողոքի ցույցի մասնակիցները ծեծի են ենթարկել ուժայիններին։  


Վրաստանի ՆԳՆ-ն հայտարարել է, որ դեկտեմբերի 1-2-ը Ռուսթավելի պողոտայում ցուցարարների «բռնի գործողությունների» հետևանքով տուժել է գերատեսչության 21 աշխատակից. նրանք տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել, որոնց ցուցաբերվել է բուժօգնություն։


Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ ցույցերի ժամանակ տուժել է ՆԳՆ 113 աշխատակից, որոնցից 4-ը մնում են կլինիկայում։ Նախարարությունը ցուցարարներին կոչ է անում անցկացնել խաղաղ բողոքի ցույց, քանի որ օրենքի ցանկացած խախտում անմիջապես կկանխվի ոստիկանության կողմից, և դրանց կհետևի համապատասխան իրավական արձագանք։

 

Ի դեպ, Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասուլիս է տվել և ԱՄՆ որոշումը՝ դադարեցնել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, անվանել է «ժամանակավոր երևույթ»՝ նշելով, որ մինչ այժմ գործող ԱՄՆ վարչակազմը փորձում է «առավելագույն ծանր ժառանգություն» թողնել Թրամփի նոր վարչակազմին։


Կոբախիձեն նաև ասել է, որ «նրանք դա անում են Ուկրաինայի նկատմամբ, իսկ հիմա անում են նաև Վրաստանի նկատմամբ»։


Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ Ջո Բայդենի վարչակազմի որոշումը «սկզբունքային նշանակություն չունի», ուստի Վրաստանի կառավարությունը մտադիր է «ամեն ինչի մասին խոսել» նոր վարչակազմի հետ։


«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայության հարցին՝ «Վրացական երազանքի» ներկայացուցիչներն արդեն խոսե՞լ են ապագա վարչակազմի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, Կոբախիձեն պատասխանել է, որ «եղել է անուղղակի շփում», և իրենք սպասում են «ուղիղ» շփման։ Հարցին, թե ում հետ է եղել այդ անուղղակի շփումը, Վրաստանի վարչապետը պատասխանել է, որ դա «ներքին խոհանոց» է։


«Ազատություն» ռադիոկայանը Իրակլի Կոբախիձեից հետաքրքրվել է նաև, թե արդյոք նա ծանո՞թ է Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար, հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնի քննադատական դիրքորոշմանը Վրաստանի կառավարության նկատմամբ, և որ Ուիլսոնը դիտարկվում է արտաքին հարաբերությունների հարցերով կոմիտեի նախագահի պաշտոնում։ Ինչպես պատասխանել է Իրակլի Կոբախիձեն, գլխավորը Թրամփի վարչակազմն է, իսկ մնացած ամեն ինչ երկրորդական է. «Ինչ որ ասի Թրամփը, այդպես էլ կլինի: Ուստի մեզ համար գլխավորը Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններն են»։


Թեմայի շուրջ մենք զրուցել ենք Վրաստանի հարցերով փորձագետ Հասմիկ Մելիքսեթյանի հետ։


Նա նշեց, որ վերջին օրերին լարված իրավիճակ է ոչ միայն մայրաքաղաք Թբիլիսիում, այլև Վրաստանի խոշոր քաղաքներում։


  «Հանրային դժգոհությունն այնքան մեծ է, որ այն ներառել է ինչպես հանրային դաշտը, այնպես էլ պետական մի շարք կառույցներ։ Կառույցների աշխատակիցներն արդեն հայտարարություններ են տարածել և միասնական հայտարարություններով են հանդես գալիս և իրենց բողոքն են հայտնում, նաև իրենց սոլիդարությունն են հայտնում այս պահին հանրահավաքի մասնակիցներին և ընդհանուր այս իրավիճակին»,- ասաց Հասմիկ Մելիքսեթյանը։

Խոսելով նաև այն մասին, թե հարևան երկրում տեղի ունեցող իրադարձությունները և Արևմուտքի հետ հարաբերությունների անկայունությունն ինչպես կանդրադառնան Հայաստանի վրա,  Հասմիկ Մելիքսեթյանն ասաց, որ Վրաստանում մինչ այս իրավիճակն էլ արդեն իսկ բավականին լարված հարաբերություններ էին ստեղծվել ԱՄՆ-ի և ԵՄ անդամ պետությունների հետ։

«Հատկապես առաջիկա ամիսներին և այս ձմեռային ոչ բարենպաստ պայմաններում, երբ Հայաստան-Վրաստան ուղևորափոխադրումները և Հայաստանի տարածքից բեռնափոխադրումը արտաքին աշխարհ  երբեմն խափանումներով է իրականացվում՝ եղանակային պայմանների պատճառով, դրան էլ գումարած Վրաստանում ցանկացած անկայունություն՝ լինի ներքաղաքական, ինչպես նաև արտաքին ներգործությամբ, կարծում եմ՝ շատ բարդ և անհանգստացնող իրավիճակ կարող է ստեղծել մեզ համար։ Այդ իսկ պատճառով Վրաստանում օր առաջ այս իրավիճակի կայունության հաստատումը խաղաղ ճանապարհով շատ կարևոր է նաև մեզ համար, որովհետև Վրաստանում ցանկացած անկայունություն  ուղղակիորեն և անուղղակիորեն ազդում է նաև մեզ վրա և կարող է խոչընդոտներ ստեղծել մեզ համար  նաև արտաքին աշխարհի հետ հարաբերվելու հարցում»,- ասաց փորձագետը։   


Վրաստանում այս լարված իրավիճակում կհաջողվի՞ կողմերին հասնել որևէ համաձայնության. պատասխանելով հարցին՝ մեր զրուցակիցն ասաց, որ այս պահին բավականին բարդ է մտածել, թե արդյոք համաձայնություն կլինի՞ կողմերի միջև, թե՞ ոչ, որովհետև տեսնում ենք, որ Վրաստանում թե՛ հանրությունը, թե՛ իշխանությունը կարծես թե հետքայլի հնարավորություն չեն դիտարկում, բայց ամեն ինչ կախված է նրանից, թե առաջիկա օրերին ինչպես կդասավորվի հենց ներքաղաքական իրավիճակը, և հանրային դժգոհություններին ինչպես կարձագանքի «Վրացական երազանքը»: Ուստի դեռ վաղ է կանխատեսել՝ կլինի՞ այդ համաձայնությունը, թե՞ ոչ։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան