Թեհրանը տեղեկություններ ուներ Սիրիայում ընդդիմադիր խմբավորումների հնարավոր հարձակման մասին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նրա խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Արաղչին պնդում է, որ Իրանը այդ տվյալները փոխանցել է Սիրիայի իշխանություններին։ «Զարմանալին սիրիական բանակի հակահարված տալու անկարողությունն էր, ինչպես նաև իրադարձությունների զարգացման արագությունը, ինչն անսպասելի էր»,- հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը։
Նրա խոսքով՝ Բաշար ալ-Ասադը «զարմացած էր, թե ինչպես է գործում իր բանակը»։ «Պարզ էր, որ բուն Սիրիայում ճիշտ վերլուծություն չկար։ Կարծում եմ՝ սիրիական բանակը հայտնվել էր հոգեբանական պատերազմի մեջ»,- ասել է Արաղչին:
Reuters-ը, հղում անելով աղբյուրներին, գրում է, որ սիրիական ընդդիմադիր ուժերը դեռ կես տարի առաջ էին թուրքական իշխանություններին տեղեկացրել լայնածավալ հարձակման ծրագրերի մասին։ Խմբակցության ղեկավարները համարել են, որ Անկարայից «ստացել են լռելյայն հավանություն» հետագա գործողությունների համար։ Թուրքիայի ԱԳՆ-ն դեկտեմբերի 8-ին հայտարարել է, որ Անկարան ներգրավված չէ զինված խմբավորումների հարձակմանը և չի տվել իր հավանությունը։