Ուկրաինայի
նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանում է վերջ դնել Ռուսաստանի հետ պատերազմին,
հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը New York Post-ին տված
հարցազրույցում։
«Նա ցանկանում է խաղաղություն հաստատել: Սա ինչ-որ նորություն է,- ասել է Թրամփը։- Նա հրադադար է ուզում։ Մենք մանրամասները չենք քննարկել։ Նա կարծում է, որ
ժամանակը եկել է»:
Թրամփը վստահություն է հայտնել, որ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս պետք է կարծի, որ «ժամանակը եկել է», որովհետև Ռուսաստանի նախագահը «պարտվել է. երբ կորցնում եք 700 հազար մարդու, ուրեմն ժամանակը եկել է»։ Դա չի ավարտվի, մինչև խաղաղություն չհաստատվի»:
ԱՄՆ նորընտիր
նախագահի կարծիքով՝ Մոսկվան չկարողացավ հասնել իր նպատակներին, և «նրանք
բոլորը խրված են այս սարսափելի պատերազմի մեջ, որը երբեք չպետք է տեղի ունենար»։
«Ես հայեցակարգ
եմ մշակում, թե ինչպես
վերջ դնել այս անհեթեթ պատերազմին»,- հավելել է Թրամփը։
Այսպես է
քաղաքական գործիչը մեկնաբանել Զելենսկու հետ հանդիպումը, որը տեղի է ունեցել
Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ։ Axios-ի տեղեկություններով՝ հանրապետականը ի սկզբանե չէր պլանավորել բանակցել Ուկրաինայի նախագահի հետ, սակայն նրան համոզել է Մակրոնը,
և արդյունքում խոսակցությունը ստացվել է
«լավ և արդյունավետ»։