ԱՄՆ-ը կորցնում է նախաձեռնողականությունը բոլոր
ճակատներում, իսկ հետխորհրդային տարածքում Վաշինգտոնը սկսել է տապալվել։ Հայաստանն
ու Ադրբեջանը «այնքան էլ հաշվի չեն առնում խաղաղ կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի և
ԵՄ-ի կարծիքները՝ նախընտրելով բոլոր հարցերը ինքնուրույն լուծել»։ Այս մասին հայտարարել
է Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ
Նարիշկինը ռուսական «Ռազվեդչիկ» ամսագրին տված հարցազրույցում։
«Ամերիկյան «մոլուցքը» Ուկրաինայի նկատմամբ սկսում է
կործանարար ազդեցություն ունենալ Վաշինգտոնի կողմից կառուցված ողջ գլոբալ ֆինանսական և ռազմաքաղաքական համակարգի վրա: ԱՄՆ-ը
կորցնում է նախաձեռնողականությունը բոլոր ճակատներում՝ Մերձավոր Արևելքից
մինչև Ասիա ու Աֆրիկա: Իսկ հետխորհրդային տարածքում նրանց մոտ ընդհանրապես ձախողումներ են»,- ասել է Նարիշկինը։
Այս համատեքստում նա մեջբերել է Հարավային
Կովկասի և Մոլդովայի օրինակը։
«Տեսեք, Վրաստանում, որտեղ խամաճիկ (Միխեիլ)
Սաակաշվիլին վերջերս փողկապն էր ուտում, արևմուտքցիներին չհաջողվեց խանգարել ընտրություններում
իշխող «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակին: Գիտակցելով դեպի Արևմուտք
անխոհեմ կողմնորոշման վնասակարությունը՝ Վրաստանի իշխանությունները որոշեցին գործել
իրենց շահերից ելնելով և այժմ գիտակցաբար հեռանում են դրսից իրենց պարտադրված ուլտրալիբերալ
օրակարգից, որը անսահման խորթ է վրացական ավանդական արժեքներին: Մոլդովայում էլ նույն ռեժիմը (Մայա) Սանդուին մի կերպ հասցրեց
ընտրություններում անհրաժեշտ արդյունքին՝ դե ֆակտո արձանագրելով մոլդովական
հասարակության խորը պառակտում»,- նշել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության
տնօրենը։
Այնուամենայնիվ, Նարիշկինի խոսքով,
հետխորհրդային տարածքը մնում է ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների
առաջնահերթ ուղղությունը, ինչի մասին վկայում է Արտաքին հետախուզության ծառայությունում
առկա տվյալների վերլուծությունը։
«Արևմուտքն իր առաջ դրել է հավակնոտ նպատակ՝ մեր երկրների միջև խզել
ոչ միայն տնտեսական, քաղաքական, այլև խորը պատմական և հումանիտար կապերը։ Այս
մոտեցումը բխում է անգլո-սաքսոնական հայտնի մաքսիմից՝ «Ով կառավարում է Եվրասիան, նա տիրում է աշխարհին»: Թեև նրանց համար «կառավարել»
նշանակում է «բաժանել», «սերմանել քաոս», իսկ հետո արնաքամ ժողովուրդներին իրենց առաջարկել որպես «անվտանգության անաչառ
երաշխավորներ»: Թե ինչպես է դա
տեղի ունենում՝ լավ երևում է
ուկրաինական օրինակով»,- նշել է ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության
տնօրենը: