ՌԴ-ն է Ասադին համոզել փախչել Սիրիայից. Ինչպես են ռուսական հատուկ ծառայությունները կազմակերպել նրա փախուստը. Bloomberg


 

Ռուսաստանն է համոզել Բաշար ալ-Ասադին փախչել Սիրիայից՝ հանգելով այն եզրակացության, որ նրա ռեժիմն ի վիճակի չէ դիմակայել զինված ընդդիմության ուժերի հարձակմանը: Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին, այդ թվում՝ Կրեմլին մերձ կանգնած։


Հոդվածում ասվում է, որ այն բանից հետո, երբ Ասադը համաձայնել է անհապաղ լքել Սիրիան, նրա փախուստը կազմակերպել են ռուսական հատուկ ծառայությունները։ Դա տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ի գիշերը, այն ժամանակ, երբ Ասադի զինված հակառակորդները գրավեցին Դամասկոսը։ Նույն օրվա գիշերը ռուսական իշխանությունները հայտարարեցին, որ Ասադն ու նրա ընտանիքը գտնվում են Ռուսաստանում, որտեղ ապաստան են ստացել։


Ինչպես գրում է Bloomberg-ը՝ հղում անելով երեք աղբյուրներին, այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ ընդդիմության հարձակումը հնարավոր չէ կասեցնել, Ռուսաստանի ներկայացուցիչները (հոդվածում չի նշվում, թե կոնկրետ ով) առաջարկել են Ասադին շտապ լքել երկիրը՝ Լիբիայի տապալված առաջնորդ Մուամար Քադաֆիի ճակատագրից խուսափելու համար. վերջինս 2011 թվականին բռնվել է և դաժանաբար սպանվել իր հակառակորդների կողմից։ Ասադը համաձայնել է: Նրան Դամասկոսից դուրս են բերել ինքնաթիռով՝ ռուսական «Խմեյմիմ» ավիաբազայով։ Ասադի ինքնաթիռի տրանսպոնդերն անջատել են բազային մոտենալիս, ինչը նույնիսկ ենթադրությունների տեղիք է տվել, որ ինքնաթիռը խփվել է։


Ռուսական իշխանությունները հաստատել են, որ Ասադը Մոսկվայում է։ Փախուստի պահից ի վեր նա հանրության առաջ չի հայտնվել։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմության հետ բանակցությունների արդյունքներով նա համաձայնել է ինքնակամ փոխանցել իշխանությունը։ Ընդդիմությունը բանակցություններ վարելու մասին չի հայտարարել։


Bloomberg-ի հոդվածում նշվում է նաև, որ Մոսկվայում զարմացած էին ընդդիմության ջոկատների առաջխաղացման տեմպերով դեպի Սիրիայի մայրաքաղաք և այն բանով, որ Ասադին արտաքուստ հավատարիմ ուժերը փաստացի ոչ մի դիմադրություն ցույց չեն տվել նրանց: Հղում անելով Կրեմլին մոտ կանգնած աղբյուրին՝ ասվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է իմանալ, թե ինչու հատուկ ծառայությունները չեն նկատել Ասադի ռեժիմի համար աճող սպառնալիքները մինչ այն պահը, երբ դեռ «շատ ուշ» չէր: