ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հրավիրել է հունվարին կայանալիք իր երդմնակալության արարողությանը, հայտնել է CBS News-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Թրամփը Չինաստանի առաջնորդին հրավիրել է նոյեմբերի սկզբին՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում իր հաղթանակից անմիջապես հետո։ Պարզ չէ, թե արդյոք Սի Ցզինպինը ընդունե՞լ է հրավերը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը չի պատասխանել մեկնաբանության մասին խնդրանքին։
Դոնալդ Թրամփի թիմը քննարկում է երդմնակալությանը աշխարհի
այլ առաջնորդների հրավիրելու հնարավորությունը, նշում է CBS News-ը։ Հրավերի մասին
«մտածում է» Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը դեկտեմբերի 9-ին հանդիպել է
Թրամփի հետ Ֆլորիդայի Մար-ա-Լագոյի իր նստավայրում, ասել է աղբյուրներից մեկը։
«Համաշխարհային առաջնորդները հերթ են կանգնել նախագահ
Թրամփի հետ հանդիպելու համար, քանի որ նրանք գիտեն, որ նա շուտով կվերադառնա
իշխանության և շնորհիվ ամերիկյան ուժի կվերականգնի խաղաղությունը ամբողջ աշխարհում»,-
ասել է Քերոլայն Լևիթը, ում Թրամփն ընտրել է որպես Սպիտակ տան մամուլի քարտուղար: