Սվերդլովսկի մարզի Իրբիտի քաղաքապետ Նիկոլայ Յուդինը ներողություն է խնդրել քաղաքի բնակիչներից այն բանի համար, որ Նոր տարվա պատվին կենտրոնական հրապարակում Վլադիմիր Լենինի և Եկատերինա II-ի արձաններին հագցրել են Ձմեռ պապի և Ձյունանուշի հագուստներ:
Լենինի հրապարակի արձանները կերպափոխել են դեկտեմբերի 25-ին։ Ինչպես պարզաբանել են իշխանությունները, դա արվել է «նախաամանորյա տրամադրություն ստեղծելու համար»։ Սակայն այս նախաձեռնությունը քննադատության է արժանացել քաղաքի որոշ բնակիչների կողմից, ովքեր սկսել են վրդովված մեկնաբանություններ գրել սոցիալական ցանցերում։ Այդ պատճառով Իրբիտի քաղաքապետարանը ՎԿոնտակտե-ի իր հանրային էջում սահմանափակել է մեկնաբանելու հնարավորությունը:

Մեկ օր անց Իրբիտի քաղաքապետը հայտարարել է, որ
իշխանությունները արձաններից կհանեն ամանորյա զգեստները՝ «իրադրությունը չսրելու և
որևէ մեկին չմտածված արարքների չհրահրելու համար»։ Ի սկզբանե ենթադրվում էր, որ
Լենինը և Եկատերինա II-ը մինչև տոների ավարտը կմնան Ձմեռ պապի և Ձյունանուշի
հագուստով։