Հրդեհ Սանկտ Պետերբուրգի մերձակայքում. այրվում է ացետոնի արտադրության գործարանը


Լենինգրադի մարզի Գատչինա քաղաքում ացետոնի արտադրության գործարանում խոշոր հրդեհ է տեղի ունեցել, աշխատակիցները լքել են վտանգավոր գոտին։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով կարգուկանոնի և անվտանգության հարցերով տարածաշրջանային կոմիտեին։


Ավելի վաղ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ Լենինգրադի մարզի Գատչինայում 1,6 հազար քառակուսի մետր մակերեսով շենք է այրվում արդյունաբերական գոտում։ Ներկա պահին հրդեհի մակերեսը հասել է 1,9 հազար քառակուսի մետրի։


«Ժամը 06.00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել ացետոնի արտադրության գործարանի տարածքում: Նախնական տեղեկություններով՝ այրվում է երկհարկանի շենք, տեղի է ունեցել ացետոնի արտահոսք: Տուժածների մասին տեղեկություններ չկան, աշխատակիցները լքել են հրդեհի գոտին»,- ասվում է հաղորդագրության մեջ։


Նշվում է, որ կիրականացվեն օդում քիմիական վտանգավոր նյութերի առավելագույն թույլատրելի խտության անհրաժեշտ չափումներ։