Կրեմլը՝ Պուտին-Թրամփ հանդիպման մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը «պատրաստակամություն են հայտնում շփվելու հանդիպման շրջանակներում, սակայն այս ուղղությամբ դեռ հստակություն չկա», հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով՝ «երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար ոչ մի նախապայման հարկավոր չէ»։


«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և, այդ թվում, Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Նախագահն ինքը բազմիցս խոսել է այդ մասին, մենք բազմիցս խոսել ենք այդ մասին: Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում: Պահանջվում են երկխոսություն վարելու, առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք»,- լրագրողներին ասել է Պեսկովը։


«Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է խնդիրները երկխոսության միջոցով լուծելու իր պատրաստակամության մասին: Մենք ողջունում ենք դա»,- ընդգծել է նա։ 


Պեսկովի խոսքով՝ հանդիպման կազմակերպման հետ կապված դեռ «հստակություն չկա, ինչպես նախկինում»։ «Ելնում ենք հանդիպման փոխադարձ պատրաստակամությունից: Ըստ երևույթին, այն բանից հետո, երբ պարոն Թրամփը մտնի Օվալաձև աշխատասենյակ, ինչ-որ տեղաշարժ կլինի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։


Լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Թրամփի հայտարարությունը Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին, Պեսկովը պատասխանել է, որ այդ հարցում էլ հստակություն չկա։