ԱՄՆ-ին Գրենլանդիայի հնարավոր միացումը ռազմական ճանապարհով ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օրոք կարող է դառնալ ամենակարճ զինված հակամարտությունը մարդկության պատմության մեջ։ Այս կարծիքն է մեջբերվում Politico թերթի հոդվածում, որը հղում է անում վերլուծաբանների գնահատականներին։
Փորձագետները նման եզրակացության են հանգում,
քանի որ ամերիկացի զինվորականներն արդեն 1940-ականներից գտնվում են Գրենլանդիայում։
Նրանց պաշտոնական ներկայությունը կղզում ամրագրվել է 1951 թվականին ԱՄՆ-ի և
Դանիայի միջև կնքված պայմանագրով։ Հենց այդ ժամանակ Գրենլանդիայում ստեղծվել է արկտիկական
տարածաշրջանի ամենամեծ «Թուլե» ավիաբազան, որտեղ տեղակայվել են մինչև 10 000
հոգանոց կոնտինգենտ և միջուկային զենք կրելու ունակ ռազմավարական ռմբակոծիչներ։
2023 թվականին ավիաբազան վերանվանվել է Պիտուֆֆիկ տիեզերական բազայի, որն
իրականացնում է հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի և արկտիկական գոտու
վերահսկման խնդիրներ։
Ինչպես նշում է պարբերականը, համաձայնագրի
համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորություն է ստանձնել պաշտպանել Գրենլանդիան
ցանկացած հարձակումից, քանի որ Դանիայի զինված ուժերը չեն կարող հետ մղել
պոտենցիալ ագրեսորին առանց կողմնակի օգնության։
«Դանիան հրաշալի հասկանում է, որ ինքնուրույն չի
կարող պաշտպանել Գրենլանդիան որևէ մեկից: Հարցն այն է, թե ո՞ւմ դեմ են կռվելու (ամերիկացիները)։
Իրենց սեփական զինվորականների՞: Նրանք արդեն այնտեղ են»,- թերթը մեջբերում է
Կոպենհագենի համալսարանի Ռազմական հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող
Քրիստիան Սոբի Քրիստենսենի կարծիքը։