Ուկրաինան պատրաստ չէ Ռուսաստանի հետ բանակցություններին. Սպիտակ Տուն

Ջո Բայդենի գլխավորած ԱՄՆ հեռացող վարչակազմը պնդում է, որ ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը պատրաստ չեն բանակցությունների։



«Այժմ ակնկալիքներ չկան, որ այս կամ այն ​​կողմը պատրաստ է բանակցել»,-ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին լրագրողների համար հերթական առցանց ճեպազրույցում՝ մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը:



Ինչպես դեկտեմբերի 29-ին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններին, սակայն պայմանավորվածությունները պետք է լինեն այնպիսին, որ դրանք չխախտվեն։



Արտգործնախարարն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը տարվա արդյունքներին հաջորդած մամուլի ասուլիսում ուրվագծել է Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումը կարգավորման հարցում։