Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հայտարարել է, որ կշարունակի իրականացնել ԱՄՆ նախագահի տիեզերական ռազմավարությունը՝ անկախ Իլոն Մասկի SpaceX-ի Dragon տիեզերանավի շահագործումը դադարեցնելու մասին հայտարարությունից։ Այս մասին հայտնել է NASA-ի ներկայացուցիչ Բեթանի Սթիվենսը, գրում է РИА Новости-ն։
Սթիվենսը նշել է, որ NASA-ն աշխատելու է իր ոլորտային գործընկերների հետ՝ ապահովելու ԱՄՆ նախագահի տիեզերական նպատակների իրականացումը։
Վերջին շրջանում Մասկի և Թրամփի միջև ձևավորվել է հրապարակային հակամարտություն։ Մասկը լքել է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչության ղեկավարի պաշտոնը (DOGE) և կոշտ քննադատել Թրամփի հարկային քաղաքականությունը՝ հայտարարելով, որ հարկային արտոնությունները կարող են մեծացնել բյուջետային դեֆիցիտը։
Թրամփն իր հերթին առաջարկել է դադարեցնել Մասկի նախագծերի ֆինանսավորումը՝ պետական բյուջեի ծախսերը կրճատելու նպատակով։ Ի պատասխան՝ Մասկը X սոցիալական ցանցում նշել է, որ Թրամփի անունը կապվում է ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի հետ, ով մեղադրվում էր անչափահասների մասնակցությամբ ապօրինի գործունեության մեջ։
Բացի այդ, Մասկը հայտարարել է, որ SpaceX-ը սկսում է Dragon տիեզերանավի շահագործումը դադարեցնելու գործընթացը, և նաև աջակցել է Թրամփի իմփիչմենտի գաղափարին՝ առաջարկելով նրան փոխարինել Ջեյ Դի Վենսով։