Թրամփի հակառակորդները պատրաստվում են «նվեր» մատուցել նրա ծննդյան օրը․ Politico

ԱՄՆ-ում Թրամփի հակառակորդները նախատեսում են ամբողջ երկրով մեկ դուրս գալ փողոցներ՝ մասնակցելու «No Kings» ակցիային։


Բողոքի ակցիան կկայանա հունիսի 14-ին, որը համընկնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ծննդյան օրվա և Վաշինգտոնում նախատեսված ռազմական շքերթի հետ։


Ըստ Politico-ի, ակցիայի կազմակերպիչները հայտարարում են, որ «No Kings» շարժումը ազգային անհնազանդության օր է, որի նպատակն է դիմակայել ավտորիտարիզմին և ընդգծել ժողովրդավարության արժեքները։


Սպասվում է, որ 60-80 հազար մարդ կմասնակցի բողոքի ցույցերին, իսկ քաղաքային տրանսպորտի աշխատանքը կարող է խափանվել։


Փենսիլվանիայի նահանգապետ Ջոշ Շապիրոն հայտարարել է, որ իր թիմը պատրաստվում է հունիսի 14-ի բողոքի ակցիաներին։


Հիշեցնենք, որ Հունիսի 6-ին Լոս Անջելեսում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ Թրամփի վարչակազմի առաջարկած նոր ներգաղթի օրենքի։ Պատճառը եղել է Միգրացիոն և մաքսային ծառայության (ICE) իրականացրած ռեյդերը, որոնց արդյունքում ձերբակալվել է ավելի քան 200 անօրինական ներգաղթյալ։


Բողոքողները պատասխանել են ավտոմեքենաների հրկիզումներով, բարիկադներ կառուցելով և շղթաներով իրենց կապելով։


Թրամփը Լոս Անջելես է ուղարկել 2,000 Ազգային գվարդիայի զինվոր, ինչը առաջին անգամ է տեղի ունենում 1965 թվականից ի վեր՝ առանց նահանգապետի պահանջի։


Ըստ Թրամփի, եթե նա չհրամայեր զորքերի տեղակայումը, Լոս Անջելեսը կարող էր ոչնչանալ։


ԱՄՆ-ի լրատվամիջոցները հայտնում են, որ քաղաքում աննախադեպ ռազմական ուժեր են կենտրոնացված։ ABC News-ի տվյալներով, Լոս Անջելեսում բողոքի ցույցերը ճնշելու համար ներգրավված է ավելի շատ ամերիկյան զինվորական, քան Իրաքում և Սիրիայում։


Հունիսի 11-ի դրությամբ Կալիֆորնիայում տեղակայված էր 4,800 զինվորական՝ Ազգային գվարդիայի և ծովային հետևակի ստորաբաժանումներից։ Համեմատության համար՝ Իրաքում ներկայումս գտնվում է 2,500, իսկ Սիրիայում՝ 1,500 ամերիկյան զինվորական։