«Իսկ եթե Հայաստանն է՞լ փակի իր երկինքը՝ ինչպես ԵՄ-ն». Օվերչուկ

Ռուսաստանը մտավախություն ունի, որ Հայաստանի եվրաինտեգրացիայի խորացումը կարող է հանգեցնել նրա օդային տարածքի փակմանը ռուսական ինքնաթիռների համար, ինչպես ավելի վաղ արել է Եվրամիությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի նստաշրջանում։


«Տեսեք, ներկայումս մենք Եվրամիության հետ ավիահաղորդակցություն չունենք։ Եվրամիությունը փակել է իր երկինքը ռուսական ինքնաթիռների համար։ Հայաստանը նո՞ւյնպես կփակի իր երկինքը։ Դե, եթե դուք միանաք Եվրամիությանը, ապա այո, որովհետև Բրյուսելը ձեզ կասի՝ փակեք ձեր երկինքը, և դուք կփակեք ձեր երկինքը,  այլընտրանք չեք ունենա։ Եվ ի՞նչ»,- ասել է նա։


«Մենք չենք կարող դրան ուշադրություն չդարձնել և չմտածել այդ հարցերի մասին։ Մենք այդ մասին մտածում ենք, մենք գնահատում ենք դա»,- հավելել է Օվերչուկը։