«Քաոս չենք ուզում». Թրամփը դեմ է Իրանում իշխանափոխությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի ուզում իշխանափոխություն Իրանում, քանի որ չի ցանկանում տեսնել «քաոս»։ Նա այս մասին ասել է լրագրողների հետ զրույցում, հաղորդում է CNN-ը։


Խնդրանքին՝ պարզաբանել անցյալ շաբաթավերջին սոցիալական ցանցերում հրապարակված գրառումը, որում նա խոսել է Իրանում իշխանափոխության հնարավորության մասին, Թրամփը Air Force One ինքնաթիռում լրագրողներին ասել է. «Ոչ, ես դա չեմ ուզում։ Ես կցանկանայի տեսնել, որ ամեն ինչ հնարավորինս արագ է հանդարտվում»։


«Ռեժիմի փոփոխությունը քաոս է բերում, իսկ մենք չենք ուզում այդքան քաոս տեսնել։ Գիտեք, իրանցիները շատ լավ առևտրականներ են, շատ լավ գործարարներ, և նրանք շատ նավթ ունեն։ Նրանց հետ պետք է ամեն ինչ կարգին լինի։ Նրանք պետք է ի վիճակի լինեն վերականգնվել և լավ աշխատանք կատարել։ Նրանք երբեք միջուկային էներգիա չեն ունենա»,- ասել է Թրամփը։