Թուրքիայում ԱՄՆ դեսպանը հայտնել է, որ Վաշինգտոնն առաջարկել է վերահսկել «Հայաստան-Ադրբեջան միջանցքը»

Միացյալ Նահանգներն առաջարկել է ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև նախատեսված տրանսպորտային միջանցքի վերահսկողությունը՝ երկու կովկասյան երկրների միջև երկար ժամանակ ձգձգված դիվանագիտական բանակցությունները առաջ մղելու նպատակով։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում է Middle east eye պարբերականը՝ հղում անելով բարձրաստիճան դիվանագետի խոսքերին։


Պարբերականը գրում է, որ չնայած Հայաստանն ու Ադրբեջանը մարտին համաձայնության եկան խաղաղության համաձայնագրի շուրջ, Բաքուն շարունակում է պնդել մի քանի լրացուցիչ պայման՝ նախքան համաձայնագիրը պաշտոնապես ստորագրելը։ Ադրբեջանը պահանջում է, որ Երևանը փոխի իր Սահմանադրությունը՝ այլ պայմանների հետ մեկտեղ հեռացնելով Ադրբեջանի հանդեպ տարածքային նկրտումները։


Middle east eye-ի փոխանցմամբ՝ հիմնական խոչընդոտներից մեկը մնում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը կապելու է Ադրբեջանը իր էքսկլավ Նախիջևանի հետ՝ Հայաստանի տարածքով. «Հայաստանը հրաժարվում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» տերմինը՝ պնդելով, որ այն ունի նկրտում ինքնիշխան հայկական տարածքի՝ Սյունիքի նկատմամբ։ Ադրբեջանն էլ  պնդում է, որ միջանցքը չպետք է լինի Հայաստանի լիակատար վերահսկողության տակ՝ մտահոգություն հայտնելով, որ Երևանին չի կարելի վստահել անարգել մուտքի երաշխիքի հարցում»։


Այսպիսով, ըստ պարբերականի, Հայաստանը կտրականապես դեմ է ճանապարհի վերահսկողությունը որևէ երրորդ կողմի փոխանցելուն: «32 կմ երկարությամբ միջանցքը դարձել է էական խոչընդոտ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։ Նրանք վիճում են 32 կիլոմետր ճանապարհի շուրջ, բայց սա մանրուք չէ»,- լրագրողներին ասել է Բարաքը Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ։


Շարունակելով՝ Բարաքը նշում է. «Այսպիսով, տեղի է ունենում այն, որ Ամերիկան միջամտում է և ասում՝ լավ, մենք կվերցնենք այն։ Տվեք մեզ 32 կիլոմետր ճանապարհը հարյուր տարվա վարձակալության պայմանագրով, և դուք երկուսդ կարող եք օգտվել դրանից»։


Բարձրաստիճան դիվանագետի մեկնաբանություններն առաջին պաշտոնական հաստատումն են այն բանի, որ Թրամփի վարչակազմն առաջարկել է կառավարել, այսպես կոչված, «միջանցքը» ԱՄՆ մասնավոր առևտրային օպերատորի միջոցով, որը կծառայի որպես չեզոք երաշխավոր։


«Քարնեգի» հիմնադրամի՝ վերջերս հրապարակված զեկույցում նշվում է, որ ծրագիրը  հիմնված է Եվրամիության նախկին առաջարկի վրա, որը նախատեսում է ԱՄՆ լոգիստիկ ընկերությանը հանձնարարել կառավարել և վերահսկել բեռների տարանցումը երթուղու երկայնքով՝ թափանցիկ կերպով տվյալներ փոխանակելով բոլոր կողմերի հետ. «Առաջարկը հիմնված է Վրաստանի անջատողական շրջաններում միջազգային վերահսկողության նախադեպերի վրա՝ նպատակ ունենալով բավարարել Բաքվի պահանջը՝ ամուր, երկարաժամկետ անվտանգության երաշխիքներ տրամադրելու վերաբերյալ՝ միաժամանակ պահպանելով Երևանի ինքնիշխանությունը միջանցքի նկատմամբ»։


Middle East Eye-ի աղբյուրների փոխանցմամբ՝  հենց Թուրքիան է սկզբնապես առաջարկել միջանցքը կառավարելու գաղափարը, որը հաստատվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի կողմից. «Սակայն հայկական կողմը պահանջել է, որ ընկերությունն աշխատի նաև միջանցքի Նախիջևանի կողմում, ինչն անընդունելի էր Բաքվի համար»։