Վաշինգտոնում, ըստ էության, միջանցքային
խոսակցությունը փոխարինվեց կոմունիկացիաների ապաշրջափակման խոսակցությամբ։ Ամբողջ փաստաթուղթը,
որ ստորագրվել է, փոխարինում է այն տրամաբանությանը կամ ճարտարապետությանը, որ կար
նոյեմբերի 9-ի 9-րդ կետով։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց «Անվտանգային քաղաքականության
հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանը։
Նա նկատեց, որ այդ փաստաթղթում
մի բառ կա, որ կարող է տարբեր կերպ մեկնաբանվել՝ «անխոչընդոտ» բառը։ Ըստ ստորագրված
փաստաթղթի՝ Ադրբեջանը պետք է անխոչընդոտ ճանապարհ ստանա Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան՝
Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավազորության պահպանմամբ։
Միաժամանակ, սակայն, նույն փաստաթղթով ամրագրված է նաև, որ Հայաստանն էլ փոխադարձ առավելություններ
է ստանում Ադրբեջանով անցնելիս։ «Եթե դա միջանցք է, ապա Հայաստանն էլ պետք է միջանցք
ստանա։ Եթե միջանցք չի, ուրեմն հարց չկա՝ կարող ենք իրար հետ պայմանավորվել կոնկրետ
ճանապարհների վրա կոնկրետ ռեժիմներ։ Ոչ ոք չի ասում, որ այդ մաքսային, անձնագրային
վերահսկողությունը պետք է լինի աշխարհի ամենակոշտ ռեժիմը։ Հակառակը՝ կարծում եմ, որ
երկու կողմերն էլ պետք է հետաքրքրված լինեն մաքսիմալ «փափուկ սահման» ունենալով։ Կարող
ենք այս ամենը մի այսպիսի բանաձևի բերել՝ օգոստոսի 8-ի հռչակագրի 3-րդ կետի տեսականորեն
ամենավատ ընթերցումը էականորեն ավելի լավն
է, քան նոյեմբերի 9-ի 9-րդ կետի ամենալավ ընթերցումը։ Սրա ամենավատ ընթերցումը
նրա ամենալավ ընթերցումից հայկական կողմի համար լավն է»,- ասաց Արեգ Քոչինյանը։
Վերջինիս կարծիքով՝ երբ հստակեցվի
և ամրագրվի TRIPP-ի՝ Թրամփի ուղու կանոնադրությունը և գրվի, թե ինչ է նշանակում այդ
«անխոչընդոտ» բառը, ապա հնարավոր տարաձայնությունը ինքնըստինքյան կհանգուցալուծվի։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան