«Դժվար է բանավիճել ստախոսի հետ». Բայդենը մտադիր չէ դուրս գալ ընտրարշավից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր չէ դուրս գալ նախագահական ընտրարշավից Դոնալդ Թրամփի հետ անհաջող բանավեճից հետո, The Hill-ին ասել է գործող նախագահի ընտրարշավի խոսնակ Սետ Շուստերը։


«Իհարկե, նա դուրս չի գալիս (ընտրարշավից)»,- ասել է խոսնակը։


Ինքը՝ Բայդենը, խոսելով բանավեճի մասին, ասել է, որ «մենք լավ հանդես եկանք»։ Լրագրողների հարցին, թե արդյոք նա կասկածներ ունի՞ իր ելույթի վերաբերյալ այն բանից հետո, երբ որոշ դեմոկրատներ կոչ են արել նրան դուրս գալ ընտրապայքարից, նա պատասխանել է. «Ոչ: Դժվար է բանավիճել ստախոսի հետ. The New York Times-ը նշել է, որ նա (Թրամփը) ստել է 26 անգամ»։

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան ԱՄՆ-ում կայացել է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի առաջին բանավեճը նախագահական ընտրություններին ընդառաջ։ Հեռուստադիտողների ու փորձագետների կարծիքով՝ գործող նախագահը ձախողվել է, և ակնհայտ հաղթող է դարձել հանրապետականը։ Այս բանավեճից հետո Բայդենի համախոհները կարծիք են հայտնել, որ նա պետք է ընդհանրապես հրաժարվի ընտրություններից։