Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման կապակցությամբ

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետին՝ նշանակման  կապակցությամբ
Պաշտոնական
16:59, 25 август 2021
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք, խնդրեմ, շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում Ձեր
վերանշանակման կապակցությամբ: Վերջին խորհրդարանական ընտրությունները, որոնց որակը բարձր է գնահատվել
միջազգային դիտորդական առաքելությունների կողմից, և որոնց համար Միավորված ազգերի կազմակերպությունը
տեխնիկական աջակցություն է տրամադրել, էլ ավելի են նպաստել Հայաստանի ժողովրդավարական զարգացմանը:
Ակնկալում եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանը կշարունակի առաջընթացը ժողովրդավարական
բարեփոխումների կարևոր ուղիով:

Միավորված ազգերի կազմակերպությունն ուրախ է շարունակելու գործընկերությունը Հայաստանի
կառավարության և ժողովրդի հետ, այդ թվում՝ Երևանում իր մշտական համակարգողի և երկրում գործող թիմի
միջոցով՝ ներառական աճի ու կայուն զարգացման նպատակների ամբողջական և բարեհաջող իրականացման համար:
ՄԱԿ-ի կայուն զարգացման գործընկերության 2021-2025 թվականների շրջանակային փաստաթղթի՝ վերջերս
կայացած մեկնարկը լավ հիմք է նոր շնչով գործակցության համար:

Ցանկանում եմ նաև օգտվել այս հնարավորությունից և վերահաստատել ՄԱԿ-ի լիարժեք աջակցությունը
տարածաշրջանում խաղաղության և երկխոսության ջանքերին, մասնավորապես՝ Եվրոպայում անվտանգության և
համագործակցության կազմակերպության Մինսկի Խմբի համանախագահների ձևաչափի ներքո: ՄԱԿ-ը պատրաստ է
տրամադրել երկարաժամկետ աջակցություն՝ խթանելու երկխոսությունը, մարդու իրավունքների նկատմամբ հարգանքը,
հաշտեցումն ու խաղաղության կառուցումը, պայմաններ ստեղծելու Կայուն զարգացման 2030 օրակարգի
իրականացման և տարածաշրջանում կայուն խաղաղության ու բարեկեցության հաստատման համար:
ՄԱԿ-ի քարտուղարությունն առաջին անգամ հասել է գենդերային հավասարության բարձրաստիճան
պաշտոնյաների մակարդակում և առաջ է շարժվում դեպի հավասարություն կազմակերպության բոլոր
մակարդակներում: Ես շարունակում եմ կոչ անել բոլոր անդամ-պետություններին նման ջանքեր գործադրել, և
լիահույս եմ, որ Ձեր առաջնորդությամբ Հայաստանն առաջընթաց կարձանագրի կառավարության բարձրաստիճան
պաշտոնյաների և մյուս բոլոր մակարդակներում կանանց հավասարության հարցում, ինչպես նաև կաշխատի հանրային
կյանքում կանանց բովանդակալից մասնակցությունը շարունակաբար լավարկելու ուղղությամբ:
Ձերդ գերազանցություն, ընդունեք, խնդրեմ, հարգանքներիս հավաստիքը»: