Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակը 5 ամսում սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու. հաշվետվություն

Արդարադատության նախարարությունն առաջիկա շաբաթների ընթացքում, որոշակի պարբերականությամբ, կներկայացնի Արդարադատության նախարարության՝ նախորդ տարվա ընթացքում քաղաքացիներին առնչվող ոլորտներում արձանագրած ձեռքբերումները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարությունը.
Նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որը վերաբերում է 2020 թվականի հուլիսի 22-ին Երևանի կենտրոնում` Վազգեն Սարգսյան 3 հասցեում, գործարկված Հանրային ծառայությունների մատուցման միասնական գրասենյակին: Այն բացումից հետո՝ շուրջ հինգ ամիսների ընթացքում (մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31), սպասարկել է 13 հազար 650 քաղաքացու։
Միասնական գրասենյակում մատուցվում են՝
  • Իրավաբանական անձանց ռեգիստրի գործակալության,
  • Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության,
  • Ազգային արխիվի,
  • Սոցիալական ապահովության ծառայության,
  • Կադաստրի կոմիտեի,
  • Պետական եկամուտների կոմիտեի,
  • Միգրացիոն ծառայության,
  • Թաղման բյուրոյի շուրջ 97 ծառայություններ։
Նույն վայրում նոտարական ու Անձնագրերի և վիզաների վարչության ծառայությունները՝ շուտով։
Այս կառույցներից միաժամանակ ծառայություններ ստանալու համար այլևս անհրաժեշտ չէ  այցելել տարբեր հասցեներում գտնվող պետական մարմիններ։ 
Արդարադատության նախարարությունը նախատեսում է առնվազն մեկական Միասնական գրասենյակներ գործարկել յուրաքանչյուր մարզկենտրոնում (այս պահին Իջևանում այն արդեն գործում է Հայփոստի բաժանմունքում (Երևանյան 10)):