Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապրիլի սկզբին ՀՀ է ժամանելու Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

Ապրիլի սկզբին ՀՀ է ժամանելու Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած  պատվիրակությունը
Պաշտոնական
19:04, 22 март 2023
2023 թվականի ապրիլի 3-5-ը Հայաստանի Հանրապետություն է ժամանելու Խորվաթիայի խորհրդարանի Խորվաթիա-Հայաստան  բարեկամական խմբի ղեկավար Դավոր Իվո Շտիրի  գլխավորած  պատվիրակությունը։  Պատվիրակությանը, ըստ  ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության, կընդունի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր  Հայկ Մամիջանյանը։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ ԱԺ պաշտոնական կայքից։ 

Նշենք, որ փետրվարի 8-ին պաշտոնական այցով Հայաստանում  էր Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանը, որը  հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։ 

Փետրվարի 18-ին էլ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը, զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում առկա իրավիճակին, Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներին:

Նշենք, որ 2024 թվականին  Հայաստանի ու Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն է։ Հայ  և խորվաթ ժողովուրդների միջև կապերը, բարեկամությունը պատմական ակունքներ ունեն։ 

Հայաստանի և Խորվաթիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2022 թվականին  կազմել են. արտահանում՝ 387.6 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծում (ըստ ապրանքի ծագման երկրի)՝ 1009.0 հազ. ԱՄՆ դոլար։